Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից MRSAM ՀՕՊ համակարգեր գնել․ ԶԼՄ-ներ
Հայաստանը դիտարկում է հնդկական MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման հարցը։ Այս մասին հայտնում է տեղական IDRW պորտալը՝ նշելով, որ Երևանն այդ կերպ ցանկանում է փոխարինել իր սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության «Պեչորա» Ս-125 զենիթահրթիռային համալիրները։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նշված համակարգերի գնման վերաբերյալ, Հնդկաստանն իր հերթին առաջարկել էր Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես սեփական արտադրության արտադրանք են։ Բանն այն է, որ թեև MRSAM ԶՀՀ-ներն արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից։
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ Նյու Դելին այդ սպառազինությունների արտահանման առումով սահմանափակումներ չունի։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները, նշում են հրապարակման հեղինակները։
Հիշեցնենք, որ անցյալ տարի հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երևանի և Նյու Դելիի միջև խոշոր ռազմատեխնիկական գործարքների մասին։