Մարտունու ԲԿ-ն պարզաբանել է 17-ամյա աղջկա մահվան հանգամանքները
Մարտունու բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան հանգամանքների կապակցությամբ՝ նշելով, որ աղջնակն իրենց բուժհաստատություն է տեղափոխվել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում:
ԲԿ-ի հաղորդագրության համաձայն՝ վիրահատարան տեղափոխվելուն պես գրանցվել է սրտի կանգ, այնուհետ վերակենդանացման միջոցառումներ են եղել, որից հետ՝ 5 ժամ տևած բարդ վիրահատություն,սակայն աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Սույն թվականի հունվարի 5-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել «սուր որովայն, խոռոչավոր օրգանի թափածակուակամ» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված Վարդենիս համայնքի 17-ամյա բնակչուհու մահվան հանգամանքների կապակցությամբ, որը լայն արձագանք է ստացել, ուստի հարկ ենք համարում թույլատրելիի սահմաններում հասարակությանը պարզաբանել իրականում տեղի ունեցածը:
Սույն թվականի հունվարի 2֊ին, ժամը 03։30֊ի սահմաններում, քաղաքացին Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության բրիգադով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, ծայրահեղ ծանր շոկային վիճակում: Ընդունարանից անհետաձգելի կարգով տեղափոխվել է վիրասրահ, երեք րոպե անց պացիենտի մոտ գրանցվել է սրտի կանգ: Անմիջապես ծավալվել են վերակենդանացման միջոցառումներ, որի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել սրտի ռիթմը և իրականացնել վիրահատություն:
Վիրահատությունը տևել է շուրջ 5 ժամ, որի ընթացքում հիվանդի վիճակը եղել է ծայրահեղ ծանր՝ սրտի ռիթմի տարատեսակ խանգարումներով և սրտի կանգի էպիզոդներով: Բժշկական միջոցառումները կատարվել են ուղեցուցային (պրոտոկոլային) կարգով, սակայն վիրահատության ընթացքում արդեն իսկ դիտվել է բազամաօրգանային անբավարարություն, որի արդյունքում վիրահատությունից կարճ ժամանակ անց կրկին անգամ հիվանդի մոտ գրանցվել է սրտի կանգ: Կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, սակայն դժբախտաբար հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել:
Պաշտոնապես հայտնում ենք, որ բժշկական կենտրոնը երբևէ տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, որ 11-րդ դասարանի աշակերտուհու մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում իրազեկել, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը չի նախաձեռնվել սպանության հանցակազմի հատկանիշներով»։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին, ժամը 09։50-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ:
Նա Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է եղել, որը հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել է։