ՊՆ պաշտոնյան հափշտակել է զորամասին հատկացված դիզվառելիքը
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` հավելելով, որ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով (800 հազար դրամ):
Մասնավորապես պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ից 80 000 դրամ է վերցրել: Իսկ հետո պարտքը մարելու համար համար նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 1 լիտրը 400 դրամով դիզելային վառելիքը վաճառել:
Ս.Թ.-ն շարքային Գ.Ա.-ին հանձնարարել է Նորատուսի վարչական տարածքում գտնվող չշահագործվող բենզալցակայանում «Ուրալ» մակնիշի ՊՆ մեքենայից դուրս բերել իրեն վստահված 5065 լիտր վառելիքից 480 լիտրը և այն հանձնել ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ին:
Դեպքի առթիվ Ս.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` զգալի չափերով յուրացում) և ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ-ին` քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով (պաշտոնական դիրքն օգտագործելով` զգալի չափերով յուրացմանը օժանադակել)։
Շարքային զինծառայողին մեղադրանք չի առաջադրվել։
Ա.Գ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է հանրային աշխատանքը՝ 200 ժամ տևողությամբ: Հսկող դատախազը միջնորդել է պաշտպանության նախարարությանը` դիտարկել հիշյալ զինծառայողների հետագա ծառայության շարունակության նպատակահարմարությունը: