«Ջրհավաք ավազանը թշնամու հսկողության ներքո է»․ Վերին Շորժայի ղեկավար
Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա համայնքներում կյանքը շարունակվում է, բնակիչները չեն լքել գյուղերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը։
«Երկու գյուղերում էլ կան սարատեղիների հատվածներ, որոնք դիտարկվում են ադրբեջանական ԶՈւ–ի կողմից, սակայն այնպես չէ, որ ամբողջը նրանց վերահսկողության ներքո է, մենք էլ մեր դիրքերն ունենք։ Երկու գյուղերում էլ կան մշտական ապրողներ, այդ թվում` այս պահին, սակայն այդ հատվածները հիմնականում սարատեղիներ են, և մարդիկ մեծամասամբ ամռանն են գնում և մնում։ Այսինքն` ամռանը բնակիչների թիվն ավելանում է։ Այնպես չէ, որ հիմա էլ կյանքը կանգ է առել»,–ասաց Զարոյանը։
Փոխմարզպետը նշեց, որ վերոհիշյալ գյուղերում ջրի հետ կապված խնդիր կա, քանի որ ջրավազանի որոշ հատվածներ դիտարկվում են հակառակորդի կողմից, սակայն այնպես չէ, որ գյուղերում ընդհանրապես ջուր չկա։
Ինչ վերաբերում է ՀԷԿ–ին, ապա Զարոյանը վստահեցրեց` դրա պայմանագրային ժամկետն ավարտվել է, և ընկերությունը որոշել է չշարունակել գործունեությունը։ Նա նշեց, որ դեռ ադրբեջանական ագրեսիայից առաջ էին ՀԷԿ–ից հայտնել, որ պայմանագրային ժամկետի ավարտից հետո այն չի երկարացվելու։
Վերին Շորժայի ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ իր հերթին հայտնեց, որ գյուղից, ճիշտ է, փոքր երեխա ունեցող ընտանիքները գնացել են, սակայն գյուղում կյանքը շարունակվում է։
«Մեզ մոտ մշտական բնակչություն կա, ֆերմա էլ կա, որն ամենօրյա աշխատանք է պահանջում։ Ինչպե՞ս կարող են լքել տունը։ Ինչ վերաբերում է ջրի խնդրին, ապա, այո՛, կա նման հարց։ Ջրհավաք ավազանը թշնամու հսկողության ներքո է։ Մեկ շաբաթ առաջ ջուրը սառել էր, և մենք ռիսկի գնացինք ու անվադողեր տարանք, վառեցինք, խողովակը տաքացավ ու բացվեց։ Այս պահին ջուր ունենք»,– ասաց Երանոսյանը։
Հիշեցնենք՝ «Թաթոյան» հիմնադրամն այսօր գրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից զինված հարձակման հետևանքով Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ: Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գտնվող ՀԷԿ-ն այլևս չի գործում։