Տնային կալանք կիրառելու համար ժամանակակից սարքավորումներ են ձեռք բերել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար արդարադատության նախարարությունը էլեկտրոնային հսկողության սարքավորումներ և դրանց համապատասխան ծրագրային ապահովում է ձեռք բերել: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում:

 

Էլեկտրոնային հսկողության սարքավորումներն ամրացվում են մեղադրյալի ձեռքին կամ ոտքին, որի արդյունքում Պրոբացիայի ծառայությունը, որն ապահովելու է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը, կարողանալու է հսկել անձի տեղաշարժը և անգամ աննշան շարժի դեպքում անմիջապես արձանագրել թույլ տրված խախտումն ու միջոցներ ձեռնարկել խախտման հանգամանքները պարզելու համար։

Էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորվել է նաև հատուկ սենյակ:

 

Հիշյալ սարքավորումների շահագործման նպատակով Պրոբացիայի ծառայության 30 աշխատակիցներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք կրելու են շարունակական բնույթ:

Современные средства электронного наблюдения для применения мер домашнего ареста и административного контроля - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2023