Լարված իրավիճակ` Իրան-Բրիտանիա հարաբերություններում
Իրանը հայտարարել է երկրում կազմակերպված ցանց բացահայտելու մասին, որի անդամները, ըստ Թեհրանի, կապված են Բրիտանիայի հետ և մասնակցություն են ունեցել երկրի ներսում անկարգությունների կազմակերպմանը: 7 անձ ձերբակալված է: Թեհրանի տարածած այդ տեղեկությունը փաստորեն հաջորդում է Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Կովկաս, որի շրջանակում նա մասնավորապես եղել է Հայաստանում: Ադրբեջանում և Վրաստանում Մուրը եղել է, թե ոչ, հայտնի չէ, բայց քանի որ կա ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցի «նախադեպը»՝ երբ լինելով ռեգիոնի բոլոր երկրներում, միայն Հայաստանի կառավարությունն էր դեմ եղել լիովին փակ ռեժիմով այցի տարբերակին, միանգամայն հավանական է, որ Մուրի դեպքում ևս կարող էր լինել նույն պարագան: Գրում է 1in.am-ը:
Հազիվ թե բրիտանական հետախուզության ղեկավարը հասներ Կովկաս և լիներ միայն Հայաստանում: Իրանից ստացված տեղեկության և Մուրի այցի ուղիղ կապի մասին պնդելու հիմք իհարկե չկա, սակայն ժամանակագրությունը, երբ նրա Կովկաս այցին հաջորդում է Իրանի տեղեկությունը՝ Բրիտանիայի քաղաքացիների ձերբակալման մասին, բավականին խոսուն է և այն թերևս Իրանի «պատասխանն» է Մուրի այցին: Այդօրինակ այցը բնականաբար ոչ սովորական է, հաշվի առնելով այն, որ առանձնահատուկ ծառայության, գաղտնի ծառայության ղեկավար պաշտոնյան այցելում է մի ռեգիոն, որտեղ Բրիտանիան ըստ էության ունենալով անկասկած նկատելի շահեր, այդուհանդերձ արտառեգիոնալ խաղացող է:
Միաժամանակ, հայտնի է Իրանի զգայունությունը բրիտանական շահերի նկատմամբ, և իր հերթին Բրիտանիայի զգայունությունը Իրանի նկատմամբ: Այդ առումով, կարևորագույն և առանձնահատուկ է բրիտանացի պաշտոնյայի այցը Կովկաս, Իրանը թերևս դիտարկում է «մուտք» իր կենսական շահերի գոտին և արձագանքը, որ գալիս է ձերբակալությունների մասին հաղորդագրությամբ, վկայում է հենց այդ զգայուն դիտարկման ու ըստ այդմ արվող հետևությունների մասին: Սա «պրոֆիլակտիկ» արձագանք է, թե Իրանին հայտնի են ավելի հանգամանալից տեղեկություններ, որոնք առաջացնում են կոշտ «պատասխանով» հաստատակամության դրսևորման անհրաժեշտություն, դժվար է ասել, թերևս կասկածից վեր է, որ Իրանից ստացված տեղեկությունը ամենևին լոկ ժամանակային զուգադիպություն չէ: Իսկ դա նշանակում է, որ տեղի է ունենում երկու բևեռների իսկապես վտանգավոր մերձեցում, հատկապես եթե նկատի առնենք այն, որ վերջին շրջանում Ուկրաինայի ղեկավարությունը հնչեցնում է ուղիղ կոչեր՝ Իրանի գործարանները հրթիռակոծելու մասին, քանի որ Թեհրանն ըստ Կիևի Ռուսաստանին տրամադրում է Ուկրաինային հարվածելու համար անօդաչուներ ու հրթիռներ: Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկար չի հանդուրժի Կիևի այդօրինակ հայտարարությունները, ինչը վկայում է, որ Իսլամական հանրապետությունում դրանք ամենևին չեն դիտարկում լոկ հռետորաբանություն, այլ դրանց հետևում տեսնում են քաղաքական ծավալման ռիսկեր: Դրան զուգահեռ, Իսրայելի կառավարության ղեկին վերադարձող Նաթանյահուն է հայտարարել Իրանի միջուկային զենք ունենալու հեռանկարը խափանելու համար ընդհուպ հարված հասցնելու պատրաստակամության մասին, ինչից հետո տեղի ունեցավ ի դեպ Պուտինի և Նաթանյահուի հեռախոսազրույցը: Ռեգիոնալ շարժերն իսկապես բավականին սեղմվում են՝ միմյանց հպվելու և կայծի ու կրակի բռնկման ավելի ու ավելի մեծ վտանգով: Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, քանի որ կրակն այս պարագայում չի խնայելու Կովկասի երկրներից և ոչ մեկին: