«Ատե'լ, ատե'լ, ատե'լ թշնամուն»․ ի՞նչ են սովորեցնում Ադրբեջանում․ BBC

«Ծառայությո՛ւն հայրենիքին, հավատարմությո՛ւն ժողովրդին, ատելությո՛ւն, ատելությո՛ւն, ատելությո՛ւն թշնամուն»,- կարգախոսներից մեկը, որը երեխաներին սովորեցնում են որոշ դպրոցներում: Ադրբեջանցի երեխաներին պարտադրված հայրենասիրական «գործունեությունը» ցույց է տալիս, որ չնայած ռազմական գործողությունների ավարտին, հարևան ժողովուրդները հեռու են հաշտեցումից, այս մասին գրում է BBC-ին։ «Պատերազմից հետո գլխավորը, ինչի մասին մտածում էի, այն էր, որ պետք է իմ դեմքը թաքցնեմ երեխաների աչքից»,- ասում է Ադրբեջանից դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը (անունը փոխվել է): 

Երկար տարիներ նա երեխաներին սովորեցնում էր պատմություն՝ փորձելով խուսափել սուր անկյուններից. նա չէր մեջբերում դպրոցական դասագրքերից առանձնապես ագրեսիվ հատվածներ և խրախուսում էր ուսանողներին գտնել տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ: Հեռուստաալիքներից մեկի ռեպորտաժում երեխաները բղավում են «Ծառայությո՛ւն հայրենիքին, հավատարմությո՛ւն ժողովրդին, ատելությո՛ւն, ատելությո՛ւն, ատելությո՛ւն թշնամուն»: 

 

«Այս երեխաները վաղվա զինվորներն են, բժիշկները, ուսուցիչները, մեր երեխաներն են, ովքեր պաշտպանելու են մեր երկիրը առաջնագծում»,- մեկնաբանում է հեռուստաալիքի լրագրողը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, որը տարբեր ժամանակներում թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները անվանել են էկզիստենցիալ, երկու կողմից էլ հազարավոր կյանքեր է խլել։

 

 «Պատերազմից հետո դպրոցում փոխվել է գլխավորը՝ միջոցառումները։ Եթե նախկինում ուսանողները նկարում էին Ղարաբաղում հայերի ձեռքով զոհված երեխաներին, ապա այժմ նկարում են խիզախ զինվորներ և «բայրաքթարներ»՝ թուրքական անօդաչու թռչող սարքեր, որոնք կարևոր դեր են խաղացել պատերազմում» ,- ասում է դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը Ֆիքրեթն ասում է, որ «հուսահատվում է», երբ տեսնում է դա։ Սումգայիթի ճեմարանի գրականության ուսուցչուհի Եգյանա Սամադովան ասում է, որ «հայրենասիրության քարոզչության հետ կապված որոշ տեքստեր» ներառված են պարտադիր ծրագրում, իսկ մյուս աշխատանքները ընտրում են իրենք՝ երեխաները, օրինակ՝ կազմակերպում են կինոդիտումներ, հետո քննարկումներ։ Սամադովան ասում է, որ «հայրենասիրություն դաստիարակելու» վերաբերյալ նյութերում չի նշվում, թե կոնկրետ ով է թշնամին, և հավելում է, որ «ուսանողների մեջ ատելություն է սերմանվում ոչ թե թշնամու, այլ թշնամու դաժանության հանդեպ»։

 

Հիշեցնենք, որ  Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքի թղթակիցը հարցումներ էր  իրականացրել Բաքվի փողոցներում, թե քաղաքացիների կարծիքով ովքեր են Ադրբեջանի թշնամիներն ու բարեկամները։ Այսպես, թոփ թշնամիներն են `  Հայաստան, Իրան, Ռուսաստան և Ֆրանսիա։

Թոփ բարեկամները` Թուրքիա, Իսրայել, Պակիստան ու Մեծ Բրիտանիա։ 

 

 Ֆիքրեթն ասում է, որ վախենում է նոր պատերազմից, հատկապես, երբ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմական դաշնակիցը, զբաղված է Ուկրաինայում ռազմական գործողություններով և չի կարող իրեն թույլ տալ ներքաշվել ուրիշի հակամարտության մեջ: «Հայերն էլ ունեին հաղթողի բարդույթ, ասում են՝ գործն արված է, Ադրբեջանին ոչ մի թիզ հող, ոչ մի փոխզիջում․ 26 տարի անց պարտություն եղավ։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի 20 տարի հետո, հետևաբար, մեզ և այս երեխաներին խաղաղություն է պետք»,- ասել է նա։

Քաղաքականություն