«Մենք հասկանում ենք, որ պայմանագրերն այդպես չեն կնքվում». Բայրամով
Ադրբեջանական և հայկական կողմերը մշտապես աշխատում են առաջարկների վրա և դրանք ներկայացնում միմյանց։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին։
«Դժվար է ասել, թե արդյոք փաստաթուղթը մեզ բավարարում է։ Բնականաբար, գործընթացը հեշտ չէ, բարդ է։ Կողմերի դիրքորոշումները շատ դեպքերում տարբեր են, ուստի առաջարկները պետք է քննարկվեն մի քանի փուլով։ Այս քննարկումների արդյունքում դուք ավելի հստակ արտահայտում եք ձեր դիրքորոշումը մյուս կողմին և ավելի լավ եք հասկանում մյուս կողմի դիրքորոշումը։ Երեկ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել իրենց ներկայացրած պայմանների մասին համաձայնագիրը։ Բայց մենք հասկանում ենք, որ պայմանագրերն այդպես չեն կնքվում։ Ելնելով այս տրամաբանությունից՝ մենք պատրաստ էինք հոկտեմբերի 2-ին Ժնևում մեր պայմաններով համաձայնագիր ստորագրել»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։