Թեժ բանավեճեր՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը որոշ տեղեկություններ է հայտնել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանից։

 

«Այսօր ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին պատվիրակությունների նոր անդամների մանդատները: Ի սկզբանե պարզ էր, որ գլխավոր ինտրիգը լինելու է Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատների հարցը:

Դեռ մինչև բուն քվեարկությունը, մոտ 2 ժամ բուռն բանավեճ էր՝ ինչպես անցկացնել քվեարկությունը: Բոլոր նոր անդամներին միասի՞ն քվեարկել, երկրներին՝ առանձի՞ն, թե՞ ամեն երկրի յուրաքանչյուր անդամին առանձին: Ի վերջո ընտրվեց երրորդ տարբերակը:

Հաշվի առնելով մինչև քվեարկությունը հնչած հայտարարությունները՝ ՌԴ ներկայացուցիչները կոչ արեցին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը չկապել այս գործընթացի հետ, չպարալիզացնել կազմակերպության աշխատանքը, և հայտարարեցին՝ եթե իրենց որևէ անդամի մանդատը չհաստատվի, ապա իրենք կլքեն նիստը:

 

Վեհաժողովի անդամներն առաջինը միաձայն կողմ քվեարկեցին Հայաստանի պատվիրակության նոր անդամի՝ Գևորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:

Ռուսաստանի պատվիրակության առաջին անդամի մանդատը չհաստատվեց, 13 պատվիրակություններից 7-ը պետք է կողմ քվեարկեին, սակայն կողմ քվեարկեցին 5-ը (այդ թվում՝ Հայաստանի պատվիրակությունը): Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ դուրս եկավ դահլիճից, որպեսզի չմասնակցի քվեարկությանը:

 

Այս քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը և լքեց դահլիճը:

Նշեմ, որ ՌԴ տարեկան ներդրումը մոտ 256 000 եվրո է, որը ՍԾՏՀ ԽՎ բյուջեի 14%-ն է, և եթե իրավիճակը չհարթվի, ապա այս կազմակերպության բյուջեն խնդիրներ կունենա, հատկապես, որ երկրները մտադիր չեն ավելացնել իրենց ֆինանսական ներդրումները:

Հաջորդ լարվածությունը նույնպես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Տնտեսական բնույթի զեկույցների մասով Ուկրաինան առաջարկել էր բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձևակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ:

Մենք նշեցինք, որ զեկույցները տնտեսական են, պետք չի դրանք քաղաքականացնել, քաղաքական գնահատականներ հնչեցնել և չպաշտպանեցինք այս առաջարկները:


Մնացած երկրները կողմ քվեարկեցին և առաջարկություններն ընդունվեցին: Այսինքն, փաստացի Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր:

Նիստը շարունակվելու է դեկտեմբերի 8-ին»:

Քաղաքականություն

Պատահարներ