ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետո՞, հո մարդիկ կրակը չեն ընկել, որ տանը նկար ունեն». մոտ 533 մլն արժեցող նկարների հավաքածու ունեցող Արսենյանը՝ Թունյանին

 Կարեւորագույն նախագիծը ներկայացնելիս մի բերեք հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը: Այս  մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց, նույն խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

 

«Պետության մեջ բոլոր խմբերն իրենց կարեւոր դերակատարումն ունեն: Կարծում եմ՝ այս օրենքի ընդունումը պետք է ծառայի այլ նպատակների: Սոցիալական արդարության գաղափարախոսությունը, ճիշտ է, գրավիչ է, բայց արդյունավետ չի: Սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստությունը վերաբաշխելով, սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է, աղքատներին հաստացնելն է, ոչ թե հարուստներին աղքատացնելը»,-ասաց նա:

Ի պատասխան Թունյանն ասաց. «Եթե մենք սոցիալական քաղաքականություն ենք իրականացնում, պետք է նաեւ հստակ չափանիշներ լինեն: Երբ ես ասում եմ, որ մեկը ենթադրենք իր տանն ունի մի քանի տասնյակ հազար դոլարոնց նկար, մյուսը չունի, դա չի նշանակում, որ մեկը լավ մարդ է, մյուսը վատ: Դա նշանակում է, որ եթե պետությունը սոցիալական քաղաքականություն է իրականացնում, դա պետք է անի թիրախային, ոչ թե օրինակ, կովիդի ժամանակ օգնություն տրամադրեինք էլէներգիայի փոխհատուցման տեսքով, հետո պարզվեր, որ այդ օգնությունը ստացել են նաեւ դոլարային միլիոնատերերը»:

 Թանկարժեք նկարի մասին համեմատությունը դուր չէր եկել Գուրգեն Արսենյանին, քանի որ նա տանը թանկարժեք նկարներ ունի, եւ նա ասաց. «Պատին կախված նկարը, որը մարդուն օրինակ, նվեր են տվել, ու դա հետո թանկացել է, մոռացեք էդ նկարների մասին: Դա հաճելի օրինակ, է բայց չի արտացոլում այն խնդիրը, որը մեր հանրությանն այսօր մտահոգում է: Ուրախ եմ, որ Սարյանի նկարները թանկ արժեն, այլ նկարիչներ էլ կան, որոնց նկարները էլի թանկ արժեն: Հետո՞, հո մարդիկ կրակը չեն ընկել, որ իրենց տանը նկար ունեն»,-ասաց Արսենյանը:

Գուրգեն Արսենյանի «բողոքը» հասկանալի է, քանի որ 2021թ․ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն ունի 16 միավոր թանկարժեք գույք, որից 3-ը՝ նկարների հավաքածու: Արսենյանի ունեցած միայն 3 նկարի արժեքը մոտ 533 մլն դրամ է:

 

Հիշեցնենք, որ «Հետք»-ը գրել էր, որ ըստ 2021թ․ հայտարարագրի Արսենյանն ունի19 նկար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 532 մլն 900 հազար դրամ: Արսենյանի ամենաէժան նկարի արժեքը 10 մլն դրամ է եղել: 

Քաղաքականություն

Պատահարներ