Բաց մեսիջ Թեհրանին. Ադրբեջանն ու Թուրքիան Իրանի հետ սահմանին զորավարժություններ են անցկացնում
Ռազմական ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ, երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօրկմեկնի Ադրբեջան: Ադրբեջանական լրատվականների հաղորդմամաբ` զորավարժություններն անցկացվում են Իրանի հետ սահմանին: ԶԼՄ-ները նշում են, որ սա բաց մեսիջ է Թեհրանին:
Զորավարժությունները, որոնք անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորական տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և Թուրքիայի ԶՈւ-ի ռազմական ավիացիայի ներգրավմամբ, ընդգրկում են քաղաք Բաքուն և Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանները։
Ըստ սցենարի, ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։
«Զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով ժամանակակից մարտերի անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, համախմբվածության կազմակերպման, անցումներ կատարելու համար գետերի վրայով լողացող կամուրջների կառուցման, ինչպես նաև թշնամու խորքերում դեսանտային զորքերի իջեցման: Համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, հրամանատարության և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»,- ասվում է զեկույցում։