Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով նախաքննության ընթացքում տուժող կողմը թերացում դեռեւս չի նկատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

 

«Այսպես ասած, աչքներս չորս արած հետեւելու ենք, որտեղ թերություն տեսանք, բարձրաձայնելու եմ, բայց այս պահին ինչ-որ դժգոհություն չկա: Նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց եզրակացություններից հետո արդեն շատ բան պարզ կլինի: Այդ դեպքում հնարավոր կլինի արդեն միջնորդություններ ներկայացնել: Գործից շատ հանգամանքներ, ի տարբերություն պաշտպանական կողմի, իրենց ողջ ծավալով մեզ հասանելի չեն, այդ պատճառով այժմ գնահատականներ տալուց պետք է զերծ մնամ»,- նշել է Գալիկյանը:

 

Նշանակված փորձաքննություններից մեկն էլ դատահոգեբուժական է՝ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանի նկատմամբ: Գալիկյանը, սակայն, ընդգծում է, անգամ եթե եզրակացությամբ ապացուցվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատասխանատվությունից չի ազատվի:

 

«Նման դեպքերում նշանակվում է հարկադիր բուժում, անձին մեկուսացնում են եւ նա օրինակ կարող է 20 տարի անցկացնել այդ հարկադիր բուժման մեջ: Եթե անձի նկատմամբ անմեղսունակությունը պարզելու փորձագիտական հետազոտություն է նշանակվում, դեռ չի նշանակում, որ տվյալ անձը մեղսունակ չէ: Նմանատիպ գործերում հիմնականում միշտ էլ փորձաքննություն նշանակվում է: Դեռ պետք է ապացուցել, որ Վրույր Բարսեղյանն արարքը գործելու պահին եղել է անմեղսունակ»,- ասել է փաստաբանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

 

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: