ՔՊ-ն կմասնակցի՞ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

 

«Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասել է Աղաջանյանը։

 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Քաղաքականություն