Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ փաթեթը կյանքի կոչելու քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական խնդիրների վրա։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ 

 

Նշենք նաև, որ այդ օրը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և բացատրել է իր այդ քայլը նրանով, որ այդ փաստաթղթերը ենթակա են լրամշակման։ 

 

«Ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի շուրջ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։ Չնայած նրան, որ ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը, սեպտեմբերի 13–ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ես էլի ուզում եմ ասել, որ դրական եմ համարում քննարկումը և դրական եմ համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները և հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, դրանք հնարավորինս արագ կիրականացնենք»,–նշել է Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ