
«Հայաստանը Եվրոպայի դեղձանիկն է». ի՞նչ նկատի ունի ֆրանսիացի հայտնի լրագրողը

«Հայաստանը մեր բեկորն է Արևելքում»,- այս մասին գրել է ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Թեսոնը:
«Ի՞նչն է ինձ կապում Հայաստանի հետ` դրանք հիշողության, մտքի, սրտի և հոգու ոչ նյութական կապեր են: Ի՞նչն է ինձ կապում Ադրբեջանի հետ` գազատարը:
19-րդ դարում ածխահանքերում` հանքափորերի հետ միշտ դեղձանիկ էր լինում, որ զգուշացներ մոտալուտ վտանգի մասին: Երբ նա դադարում էր երգել, նշանակում էր, որ թռչունը խեղդվել է, և պայթյունը մոտ է: Հայաստանը Եվրոպայի դեղձանիկն է: Եթե ընկնի, ապա կփլուզվի հին Եվրոպան, որն աշխարհին տվել է ժողովրդավարություն, ազատություն, իր արվեստն ու գիտությունը։
Այսօր թուրքերն առաջնորդվում են էքսպանսիայի սկզբունքով։ Թուրքիան մարդաշատ է, կարերը ճռռում են: Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է իր սահմաններից ընդարձակվել դեպի արևելք և արևմուտք։ Նա երազում է Թուրքիայի նախկին տարածների և ազդեցության վերականգնման մասին: Հունաստանը թուրքական լծից ազատվեց միայն 1830-ականներին, իսկ Հայաստանին պատուհասած ճակատագիրը բացահայտում է թաքնված անատոլիա-կասպյան էքսպանսիոնիզմը»,- մասնավորապես գրել է լրագրողը: