Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը հանվել է շրջանառությունից․ Հարությունյանը դիմել է Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

 

Նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: 

 

Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը մեր պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում: 

Հանրապետության Նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:

 

Նոյեմբերի 3-ին երեկոյան Արցախի Ազգային ժողովը 30 կողմ ձայնով Սահմանադրության փոփոխության նախագիծը ուղարկել է Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։ Իսկ հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել էր այն:

 

Ըստ նախագծի՝ Սահմանադրության մի շարք հոդվածներ կարող են փոփոխվել առանց հանրաքվեի, դրա համար բավարար է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի որոշումը։ Իսկ փոփոխոխությունները կարող են նախաձեռնել Հանրապետության նախագահը, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսը և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

 

Ավելի վաղ հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: ԱԺ մտած նախագծում այս դրույթը չկա։

 

 Սահմանադրության փոփոխությամբ՝ նախագահական համակարգից անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Արցախի գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006-ին, փոփոխվել՝ 2017-ին։ Սահմանադրության ընդունման, ինչպես նաև փոփոխման պահին Արցախի իրավազորությունը տարածվում էր ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) գերակշիռ մասի, այլև նախկին ԼՂԻՄ-ին հարակից Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջանների վրա՝ ամբողջությամբ կամ մասամբ։ 2020-ի պատերազմից հետո Արցախը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն յոթ շրջանների, այլև նախկին ԼՂԻՄ-ի որոշ տարածքների նկատմամբ, այդ թվում՝ Շուշի քաղաքի և ամբողջ Հադրութի շրջանի։

Քաղաքականություն

Պատահարներ