Ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվե՞ն․ կառավարությունը նախատեսում է նոր համակարգ ներդնել
Կառավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Կառավարության նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց՝ առաջարկվում է սահմանել սկզբունքները, թե ինչպես են հարկային մարմիններն ու հայտարարագրվողները փոխհարաբերվելու։ Ըստ նրա, զուգահեռաբար ներդրվելու է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:
Նախարարի խոսքով, նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
«2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝
ա. պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
բ. նոտար հանդիսացող, հանդիսացած, ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,
գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են հանդիսացել են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր փայատեր, անդամ,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,
ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,
է. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից»։
Երկրորդ փուլում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝
ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները,
գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ ն քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,
ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից։
Երրորդ փուլում՝ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջազգային գործընկերները խորհուրդ տվել սահմանել նաև պատասխանատվության մեխանիզմ։