Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Թուրքիայում. ո՞վ էր նախաձեռնել հանրության համար անսպասելի այս հանդիպումը

 Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Տեղեկությունը հայտնի էր դարձել դեռ երեկ։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզության ղեկավարները դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Մոսկվայի միջուկային սպառնալիքների վտանգը, ինչպես նաև ամերիկացի բանտարկյալների ճակատագիրը, որոնք Վաշինգտոնի կարծիքով անարդարացիորեն պահվում են Ռուսաստանի կողմից, գրում է BBC-ին։ 

 

Կրեմլից հայտնել են, որ բանակցությունները եղել են ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը մեղադրել էր Արևմուտքին Ռուսաստանին ոչնչացնելու ցանկության մեջ՝ ընդգծելով, որ ինքը կօգտագործի «բոլոր հասանելի միջոցները»՝ պաշտպանելու իր տարածքը։ Սա դիտվում էր որպես քողարկված միջուկային սպառնալիք, և ԱՄՆ-ն ասաց, որ լրջորեն կվերաբերվի դրան: Բերնսի հանդիպումը Նարիշկինի հետ հաստատել է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակը, ով դարձել է Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև կարևոր միջնորդ։ 

 

Սպիտակ տան հայտարարության մեջ ընդգծվում է, որ պարոն Բերնսը հակամարտությունը կարգավորելու համար ոչ մի բանակցությունների մեջ չի եղել, և որ Վաշինգտոնը հաստատակամորեն հավատարիմ կմնա «Ուկրաինայի մասին ոչինչ առանց Ուկրաինայի» հիմնարար սկզբունքին: Նշվում է, որ անկարայում զրույցի ստույգ բովանդակությունը հայտնի չէ: ԿՀՎ-ի ներկայացուցիչն ասել է, որ իրենք երբեք չեն քննարկում նման առաքելությունները: Բայց հանդիպումը կայացավ վճռորոշ պահին՝ Խերսոնի անկումից հետո, երբ շատերը սպասում են, թե Մոսկվան ինչպես կարձագանքի այս ձախողմանը։ Թեև Նարիշկինը Մոսկվայում չի համարվում նույն կշիռը, ինչ Բերնսը ունի Վաշինգտոնում, ամերիկյան մայրաքաղաքը հույս ունի, որ դեմ առ դեմ հանդիպումը ԿՀՎ տնօրենին որոշակի պատկերացում կտա, թե ինչ է մտածում Մոսկվան: