Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

Լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. ի՞նչ է առաջարկում Փաշինյանը

Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ,  համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների:

 

«Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը` լինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի,  թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,-ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի գործողությունները նաև Հայաստանում բնականոն կյանքը խաթարելու միտում ունեն: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, քանի որ հանրությունը լարվածությամբ, անընդհատ սպասում է  լուրերի և ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է  կյանքի և աշխատանքի բնականոն ցիկլից:

 

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, քանի որ տնտեսության համար համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունաքարային նշանակություն ունի : Ես հորդորում եմ, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք»,-ասաց նա :

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, անվտանգության խորհուրդը, անընդհատ աշխատում են այս թեմայի վրա:

 

«Մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և մեր առաջարկած օրակարգը իրագործելու ուղղությամբ: Մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը , տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք»,-հավելեց վարչապետը:

Տեսանյութ