Ղազախստանը, Թուրքիան և Սերբիան չեն ճանաչում ՌԴ-ի կազմակերպած «հանրաքվեները»

 Ղազախստանի, Սերբիայի և Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն ճանաչում «հանրաքվեի» արդյունքները, որոնք ռուսական կողմը կազմակերպել է Ուկրաինայի արևելքում և հարավում։ Հաղորդում է RFI ուկրաինական լրատվականը:

 

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ղազախստանը չի ճանաչում «հանրաքվեները», որոնք տեղի են ունենում Ուկրաինայի չորս մասամբ օկուպացված շրջաններում։ «Ինչ վերաբերում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ պետություններին, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ռազմական վարչակազմերին`  Ղազախստանը բխում է պետությունների տարածքային ամբողջականության, նրանց ինքնիշխան իրավահավասարության և խաղաղ գոյակցության սկզբունքներից»։ 

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկնել է, որ Թուրքիան չի ճանաչում Ուկրաինայի հարավում և արևելքում տեղի ունեցող «հանրաքվեի» արդյունքները, ինչպես որ չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը։

 

Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը նախօրեին հայտարարել էր, որ Բելգրադը նույնպես չի ճանաչում Ուկրաինայում ռուսական օկուպացիոն կողմի անցկացրած «հանրաքվեի» արդյունքները։ Նրա խոսքով` ֆիկտիվ «հանրաքվեների» արդյունքների ճանաչումը լիովին կհակասի Սերբիայի շահերին և կհակասի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ազգային քաղաքականությանը, սահմանների անփոփոխության սկզբունքին հավատարիմ մնալուն։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արեւելքում եւ հարավում անցկացված «հանրաքվեների» արդյունքները չճանաչելու մասին ավելի վաղ հայտարարել էին Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստվում՝ կապված Ուկրաինայի նոր տարածքների բռնակցման հետ։

Քաղաքականություն

Պատահարներ