
Սիմոնյանը` 24 մլն դրամով զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ նախագծի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վերջին շրջանում բուռն քննարկվող նախագծին, լրագրողների հետ զրոյցում ասաց, որ 24 միլիոն դրամ գումարի դիմաց մեկ զինվորի ծառայությունից ազատվելը հնարավորություն կտա 2 արհեստավարժ զինվորական ունենալ։
«Հզոր բանակ ունենալու համար պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա։ Շատ մարդիկ մինչ օրս տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից. կարծում եմ, որ այդ գումարը թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ»,–ասաց ԱԺ նախագահը։
Հարցին, թե այսպիսով բանակայինների թիվը չի՞ պակասի Հայաստանում` Սիմոնյանը նշեց, որ մի զինվորի` նման կերպով ազատվելը, հնարավորություն կտա 2 արհեստավարժ զինվոր ունենալ, որոնք ավելի մարտունակ կլինեն։
Ըստ նրա` շատերը չեն կարողանա օգտվել գումարի դիմաց ծառայությունից ազատվելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։