
Եվրահանձնաժողովն առաջարկում է բարդացնել ռուսաստանցիներին «Շենգեն» վիզա տրամադրելու կարգը. ինչ փոփոխություններ են սպասվում

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ երկրների հյուպատոսություններին երկարացնել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ժամկետը մինչև 45 օր՝ ստուգումների մանրակրկիտությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ԵՀ-ի հայտարարությանը։
Նշվում է, որ ԵՀ-ն նաև հանձնարարական է տվել ստուգել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և Ռուսաստանից «Շենգեն» կրողներին ԵՄ-ին ուղղված «անվտանգության սպառնալիքների» համար։ Եթե նման վտանգ հայտնաբերվի, կազմակերպությունն առաջարկում է ԵՄ երկրներին հրաժարվել վիզաներ տրամադրել ռուսներին։
Բացի այդ, Եվրահանձնաժողովը հավանություն չի տվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկներին երկարաժամկետ վավերականության բազմակի մուտքի արտոնագրերի տրամադրմանը, ասվում է փաստաթղթում։ Ռուսաստանցիներին տուրիստական «շենգենի» տրամադրման հարցը խորհուրդ է տրվել դարձնել «վերջին առաջնահերթություն»։
Միաժամանակ Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է պարզեցնել վիզաների տրամադրումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Ռուսաստանից ժամանած այլախոհների համար։
Ավելի վաղ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտնել էր, որ Եվրամիությունը մտադիր է խիստ սահմանափակումներ մտցնել ռուսաստանցիների համար տուրիստական վիզաների վրա, մուտքը կտրամադրվի միայն ընտանեկան պատճառներով և լրագրողների համար։
Եվրահանձնակատարը նաև ասել է, որ ռուսաստանցիների համար զբոսաշրջային վիզաների ամբողջական սառեցման առաջարկը պատկանում է իրեն, և ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, ԵՄ խորհուրդը կհաստատի իր առաջարկը։
Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան կվերլուծի Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԵՄ ձեռնարկած կոնկրետ քայլերը՝ ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների տրամադրման սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ և կորոշի արձագանքման միջոցառումներ։ Նրա խոսքով, այս իրավիճակի վերաբերյալ «փոխադարձ քայլեր» կարվեն։