Զինդատախազն ազատման դիմում է գրում. ով կփոխարինի նրան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Ավելին՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալ:

 

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն:

 

Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա եւս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գեւորգ Բաղդասարյանն է:

Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ