Տնտեսություն

Կենսաթոշակառուների համար մշակված «հետադարձ հիփոթեքը» ՀՀ–ում չի աշխատի. Առաքելյան

Կենսաթոշակառուների համար մշակված «հետադարձ հիփոթեքը» ՀՀ–ում չի աշխատի. Առաքելյան

Սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ միջազգային պրակտիկայի հիման վրա մշակված օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում էական արդյունք չի տա, քանի որ տարեցներն ունեն առաջնային կարիքներ հոգալու խնդիր։


Կադաստրի կոմիտեի հեղինակած «հետադարձ հիփոթեքի» ծրագիրը Հայաստանի պայմաններում չի աշխատի, քանի որ կենսաթոշակառուների ուշադրության կենտրոնում սննդի, դեղորայքի ու կենցաղային ծախսերի ապահովումն է։ Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում նման տեսակետ է հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։


Ազգային ժողովի քննարկմանն է հանձնվել մի օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է Քաղաքացիական օրենսգրքում ամրագրել «Հետադարձ հիփոթեք» և «Կողակցի սեփականության իրավունք» հասկացությունները։ Այս մեխանիզմը թույլ կտա տարեցներին գրավադրել սեփական անշարժ գույքը՝ բնակարանը, տունը կամ այգետնակը, և դրա դիմաց ստանալ պարբերական վճարումներ՝ առանց որևէ գումար վերադարձնելու պարտավորության։ Այսինքն՝ քաղաքացին հնարավորություն կունենա ստանալ իր տան արժեքին համապատասխան եկամուտ՝ միևնույն ժամանակ շարունակելով բնակվել այնտեղ։ Ծրագրի մշակողները հավաստիացնում են, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում գույքի սեփականության իրավունքը չի փոփոխվելու։


Առաքելյանը նշեց, որ տվյալ նախաձեռնությունը հիմնված է միջազգային փորձի վրա և հաջողությամբ գործում է առավել բարեկեցիկ պետություններում։ Սակայն, ըստ նրա, Հայաստանում այն մեծ արդյունավետություն չի ունենա, քանի որ հայաստանյան իրականության մեջ կենսաթոշակառուները, ի տարբերություն արևմտյան երկրների տարեցների, չեն մտածում ճամփորդելու կամ ծերությունը վայելելու մասին, այլ կանգնած են օրվա հացի խնդրի առաջ։ Բացի այդ, առկա են բազմաթիվ ռիսկեր, քանի որ տեղական օրենսդրության բացերի պատճառով հնարավոր վտանգների զսպման մեխանիզմները թույլ են՝ սկսած գույքի գնահատման գործընթացից, իսկ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը բավականին ցածր է։


Նախկին նախարարն ընդգծել է, որ գործադիրը, անտեսելով տարեցների հիմնական հոգսերը, երկրորդական հարցերով է զբաղվում։ Նա համոզված է, որ պետությունը նախ պետք է պայմաններ ապահովի կենսաթոշակառուների առաջնային պահանջմունքները լուծելու համար, և միայն դրանից հետո հանդես գա նմանատիպ ծրագրերով։


Սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրից այսուհետ կարող են օգտվել նաև միայնակ մայրերը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250