Հրդեհ՝ Թուրքիայի «Ակկույու» ատոմակայանին հարակից անտառում
Թուրքական Մերսինի Գյուլնար շրջանում անտառային հրդեհ է բռնկվել․այնտեղ է գտնվում «Ակկույու» ատոմակայանը: Տեղեկությունը հայտնում է Sabah թերթը։
«Անտառային հրդեհ է բռնկվել Մերսին-Անթալիա մայրուղու Բյույուկեչելի թաղամասում՝ Մերսին քաղաքի Գյուլնար շրջանում։ Անտառային հրդեհների դեմ պայքարում են հինգ ինքնաթիռ, երեք ուղղաթիռ ու 300 աշխատող, մոտակա 30 տների բնակիչները տարհանվել են նախազգուշական նպատակներով», - նշում է պարբերականը։
Նշենք, որ 2021 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնարկել են «Ակկույու» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կառուցումը։ Թուրք առաջնորդի խոսքով՝ նախագիծը լուրջ ներդրում կունենա Թուրքիայի էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում և թուրք սպառողներին էժան ու էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա կապահովի։
Ռուսաստանն ու Թուրքիան «Ակկաույու» ԱԷԿ-ի կառուցման ու շահագործման մասին պայմանավորվել են 2010 թվականին։ Օբյեկտը կառուցվում է կոնցեսիոն սխեմայով, երբ արտասահմանյան օբյեկտի շինարարն ու սեփականատերը ռուսական կողմն է։