ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է խոստացել Շառլ Միշելը
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Նշենք, որ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: Նա խոստացել է, որ ԵՄ-ը կշարունակի զբաղվել այդ հարցով։
Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:
«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ:
Ըստ Շառլ Միշելի՝ կողմերի կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։
«Մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների առաջընթացի համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել։
Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի հաստատմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է նա:։
Իր խոսքով՝ ԵՄ-ը պատրաստ է է՛լ ավելի ամրապնդել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հարցում: