Ողջ մնացածներին գտնելու հավանականությունն աստիճանաբար նվազում է. ՓԾ գնդապետ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում ողջ մնացածներին գտնելու հավանականությունն աստիճանաբար նվազում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

 

«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարի, այնքան տուժածների ողջ մնալու հավանականությունը նվազում է, գրեթե զրո է»,– ասաց նա։

 

Հարազատների տեսակետը, թե փրկարարները դանդաղ են գործում, Վարդազարյանը չի կիսում։ Ըստ նրա` դա ոչ թե դանդաղկոտություն է, այլ զգուշավորություն` պայմանավորված առկա ռիսկերով, անվտանգության պահանջներով։

 

«Շինության փլուզման վտանգ կա, երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան, որոնք պետք է հեռացնենք, որ կարողանանք աշխատել։ Բացի դրանից, երբ տրակտորն աշխատում է, փորում, հնարավոր է` նաև դիակները վնասվեն, փորձում ենք խուսափել նման դեպքերից։ Այն վայրերում, որտեղ գործիքով դժվար է աշխատել, ստիպված ենք լինում հիմնականում ձեռքով աշխատել»,– ասաց Վարդազարյանը։

 

 

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Զոհերի թիվն այս պահին 6 է, 18 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 13 տուժած։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Քաղաքականություն