Մյասնիկյան պողոտայում կրակոցներ են հնչել
Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեի դիմաց՝ «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ժամեր անց մայրաքաղաքի Պռոշյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Հ-ին և 28-ամյա Խաչիկ Ա-ին։
Վերջիններս եղել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով։ Պարզվել է, որ Խաչիկ Ա-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված հասցեի դիմաց ատրճանակից կրակոցներ է արձակել։ Վերջիններս ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ ավագ քննիչ Վարդանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով 1 պարկուճ դիպել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, որը չի վնասվել։