Ծնողական խորհրդի նախագահը բարձրացել էր վարագույր հանելու, երբ ընկել է փոքրիկի վրա. նոր մանրամասներ` դժբախտ դեպքի մասին

 Օրերս Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստանջյանի անվան միջնակարգ դպրոցում դժբախտ պատահար էր տեղի ունեցել։ Դասասենյակում մաքրություն կատարելիս 38-ամյա Մ․Ս․-ն կանգնել է սեղանի վրա, ինչն էլ դարձել է դժբախտ պատահարի պատճառ. սեղանը կոտրվել է, և բեկորների հետ մայրն ընկել է իր 2-ամյա որդու՝ Է․Թ.-ի վրա։ Երեխան ստացել է գանգուղեղային տրավմա, և կոմայի մեջ 12 օր կյանքի և մահվան կռիվ տալով՝ մահացել։ 

Radar Armenia-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունյանը թեև դժվարանում էր խոսել դեպքից, այնուամենայնիվ, ասաց. «Բարձրացել է՝ վարագույրը հանելու, երեխան էլ այդտեղ է եղել»։ Դպրոցի տնօրենին հարցրինք՝ դպրոցը մաքրուհիներ չունի՞, ինչու՞ է ծնողը որոշել պատուհանները լվանալ։ Պատասխանեց. «Ծնողական խորհրդի նախագահն է եղել, դասվարը փորձել է այդպես կազմակերպել։ Թույլ տվեք, խնդրում եմ, այս պահին չխոսել. չեմ կարող, չեմ ուզում»։ 

Այս հարցն ուղղեցինք նաև Արարատի մարզպետի օգնականին, որը մեզ հետ զրույցում ասաց՝ բոլոր դպրոցներում էլ կան մաքրուհիներ. «Այս պահին քրեական վարույթ կա, և համապատասխան մարմինները կպարզեն, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, ինչպես է այդ կինը մասնակցել մաքրության հարցերին։ Մենք այս պահին որևէ բան ասելու իրավասություն չունենք»։ 

Նկատենք, որ մենք կապ էինք հաստատել նաև Արարատի մարզպետի հետ, սակայն մարզպետ Սեդրակ Թևոնյանն այս պահին արձակուրդում է և չցանկացավ հարցի շուրջ խոսել։

Քաղաքականություն