ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախից զինտեխնիկա՞ է դուրս բերվում․ Hraparak
Արցախում մարդիկ երեկվանից խոսում են, որ զինտեխնիկայի շարասյուններ են դուրս բերվում Արցախից: Մարդիկ ասում են, որ իրենց աչքով են տեսել, թե ինչպես է զինտեխնիկայի շարասյունը ճանապարհով Ստեփանակերտից շարժվում դեպի Շուշի, փոխանցում է Hraparak.am-ը։
Այս թեմայով գրառում է արել Արցախի ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը. «Չնայած 18 թվից պարզ էր, 20 -ի նոյեմբերից էլ հստակ էր, որ Արցախի բանակը կվերացնեն, Արցախից կխլեն զենքն ու զինտեխնիկան, անզոր դարձնեն ու անօգնական, այնուհանդերձ, այսքանից հետո, զինտեխնիկայի հեռացող շարասյունը ստիպում է, որ սրտիս մաղթանքը ասեմ. թող շանթ ու կրակ թափվի նրանց գլխին, ովքեր Արցախս այս օրին հասցրին ու կապ չունի ով է դա՝ անհատ կլինի, թե պետություն, պետության դեմք կամ չինովնիկ …դավաճանված»։
Auroranews-ի հետ զրույցում Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց՝ ոչ կարող է հերքել, ոչ էլ հաստատել այդ տեղեկությունը։
«Ես էլ բոլորի նման լսել եմ նման խոսակցություններ, բայց եթե այդպես էլ լինի՝ չեմ զարմանա»,- նշեց նա։
Auroranews-ը տեղեկությունը փորձումէ ճշտել նաև այլ աղբյուրներից
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում օրերս նշել էր. «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք․ Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ»: