Լոռու մարզից՝ այսօր գրանցված երկրաշարժի մասին

Լոռու մարզում երկրաշարժի հետևանքով ավերածությունների, փլուզումների մասին հաղորդում չի ստացվել։ Այս մասին 24News-ին ասել է Լուռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի Բավրա գյուղից դեպի արևելք արձանագրված երկրաշարժերին։

 

Ըստ նրա՝ ցնցումներ զգացվել են մարզում, սակայն ավերածությունների մասին որևէ հաղորդում չի ստացվել։ «Այդքան էլ ուժեղ չեն եղել ցնցումները», - ասաց Գասպարյանը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 07:36-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ, իսկ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Ժամը 09:10-ին գրանցվել էր Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնային գոտում՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

 

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել էր 2․8 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ