Ավանեսյանը հայտնեց` հոգեկան առողջության որ կենտրոնը շուտով ամբողջությամբ կվերանորոգվի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում նշեց, որ պետության պլաններում է առաջիկայում ամբողջությամբ վերանորոգել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, իսկ Նևրոզների կլինիկայի ծառայությունները կտեղափոխվեն հենց այդ կենտրոն:

 

Առողջապահության նախարարի խոսքով`  նախագծի ընդունումը պայմանավորված է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Հանրապետական անձավաբուժական կենտրոն և Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու և Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրից Նևրոզների կլինիկա ՓԲԸ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

 

«Նևրոզների կլինիկայի գործունեությունը, ընդհանուր առմամբ, տեղափոխվելու է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում: Այդ նպատակի համար արդեն իսկ պետության կողմից հատկացվել են միջոցներ՝ վերանորոգման և վերազինման համար», - ասաց Ավանեսյանը:

 

ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց՝ եթե Նևրոզների կլինիկայի ծառայությունները տեղափոխվելու են Ավանի հոգեկան առողջության կենտրոն, ապա երկու կառույցների մեկտեղմամբ ծառայությունների հասանելիություն կլինի՞ արդյոք:

 

«Մենք այս պահին դեռ իրականացնում ենք մեկ ամբողջական բաժանմունքի վերանորոգում: Այդ նոր վերանորոգված բաժանմունքում է տեղակայվելու է Նևրոզների կլինիկան: Առաջիկայում պլանավորում ենք Ավանի հոգեկան առողջության ազգային կենտրոնի ամբողջական վերանորոգում», - պատասխանեց Ավանեսյանը:

 

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հացրեց՝ արդյոք մասնավորեցման արդյունքում հնարավո՞ր է, որ գործազուրկների թիվն ավելանա:

 

«Բուժանձնակազմի զբաղվածությունը մեր հոգածության ներքո է. բոլոր աշխատողները, որոնք նոր այս կենտրոնում աշխատելու բավարար պայմաններին կհամապտաասխանեն, կտեղափոխվեն նոր կենտրոն, որևէ խնդիր չի լինի», - ասաց նախարարը:

Քաղաքականություն