Օրվա լրահոս

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին օրենք»-ը, անկասկած, հանգեցնելու է ստվերի ավելացմանը։ Կենտրոնական բանկն օրենքի ընդունման համար ներկայացրել է հինգ հիմնավորում, որոնցից միայն մեկն է հիմնավորում ու նպատակ՝ բանկային միջնորդավճարների ավելացումը, որը պետությանը որևէ կերպ օգուտ չի բերելու․ դրանից շահելու են միայն մի խումբ մարդիկ՝ մասնավորապես բանկերի սեփականատերերը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Աուդիտորների պալատի նախագահ» Նաիրի Սարգսյանը։

 

«Հիմա եթե, օրինակ, 100 հազար դրամից 5 հազար դրամը գնում է բանկին՝ որպես միջնորդավճար, ապա մենաշնորհային դիրք ստանալու դեպքում բանկերը, հնարավոր է, միջնորդավճարը բարձրացնեն մինչև 10 տոկոս։ Հավանական է նաև բանկին չվստահելու դեպքում մարդիկ իրենց գումարները սկսեն կանխիկացնել և միջնորդավճարը հասնի 12 տոկոսի ՝ ինչպես Ռուսաստանի օրինակով եղավ։ Դա, բնականաբար, հանգեցնելու է ստվերի աճին»,-նշեց աուդիտորը։


Կանխիկ դրամով գործարքների իրականացման հնարավորությունների սահմանափակումը, Սարգսյանի արձանագրմամբ, շղթայաբար վնասելու է սպառողին, բիզնեսին ու պետությանը, ընդ որում՝ դրանից պետությունը կրկնակի վնաս է կրելու․ մի կողմից՝ աճելու է ստվերային գործարքների թիվը, մյուս կողմից՝ արձանագրվելու է գնաճ։ Նույն ապրանքն անկանխիկ գնելու դեպքում վաճառողը բարձրացնելու է գինը՝ բանկի կողմից գանձվող միջնորդավճարի գումարը հանելու համար։

 

«Ամբողջ աշխարհում բիզնեսը, սովորաբար, խուսափում է խստացված, ուժեղ վերահսկողությունից և կողմերը ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերում ու գործարքը ոչ մի կերպ չի երևում։ Նույնը լինելու է այստեղ․ կանխիկ եղանակով իրականացվելու է վաճառք, որը որևէ տեղ չի երևալու, այսինքն՝ առաջանալու է ստվեր»,-համոզված է Սարգսյանը։

 

Օրենքի բացասական ազդեցությունը, Սարգսյանի խոսքով, ամենաշատը փոքր ու միջին բիզնեսներն են զգալու, քանի որ դրանք են ամենաանպաշտպանն ու մշտապես գումարի խնդիր ունեցողները։ Ըստ մեր զրուցակցի՝ եթե խոշոր բիզնեսը ծավալի հաշվին կարողանալու է փակել ծախսերը, ապա փոքրն ու միջինը, որ առանց այդ էլ դժվարությամբ էին միջոցներ ներգրավում, ծախսերի ավելացման դեպքում անգամ շահույթի հաշվին չեն կարողանալու ներդրումներն ավելացնել ու աճել։

 

Անկանխիկի մասին օրենքում նաև այլ խնդրահարույց կողմեր է տեսնում Սարգսյանը, որոնք հանրության լայն հատվածին են առնչվում․
 

«Եթե մարդը գործարք է անում բանկային եղանակով, նշանակում է նրա ցանկացած գնում կամ ծառայություն, որից օգտվում է, գտնվելու է պետության տեսադաշտում։ Այսինքն՝ պետությունն այդ կերպ կարողանալու է վերահսկել ցանկացածի գործողությունները, և այն անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հետաքրքրության շրջանակում են, նրանց յուրաքանչյուր գործարքը մանրադիտակի տակ է լինելու։ Դա ինչ-որ պահի կարող է կոմպրոմատների պատճառ դառնալ:

Չի բացառվում նաև, որ այս օրենքի ընդունումը լինի որոշակի պայմանավորվածությունների արդյունք։ Եթե արվում է մի քայլ, որը հասարակության ստվար հատվածին վնասում է, մի խմբին՝ օգուտ բերում, պետության համար էլ արժեք չի ստեղծվում, այստեղ առաջանում են կասկածներ, որ բանկերի շահույթի մեծացման պարագայում հնարավոր է, որ ստվերային եղանակով դիվիդենտների բաշխում արվի՝ այդ թվում նաև օրենքի հեղինակների և բարձրաստիճան որոշ պաշտոնյաների միջև»։

 

Սարգսյանը խոսքով՝ այս օրենքը դեռ ներածությունն է․ մարդկանց ֆինանսական միջոցների վերահսկողությունը կամբողջացվի, երբ հաջորդ քայլով էլ արվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում։

 

«Այդ ժամանակ ՀՀ բոլոր քաղաքացիները դառնալու են հաշվետու պետությանը և մարդկանց ամեն մի քայլը վերահսկվելու է։ Բացի այդ կավելանա բնակչության հարկային բեռը և ՀՀ-ում ապրելն ու հայրենադարձությունն այլևս, մեղմ ասած, հրապուրիչ չի լինի»,-եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Վերջին նորություններ