ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմի կամուրջ` ծխի ամպի մեջ. ինչ է կատարվում
Ղրիմի զանգվածային լրատվամիջոցները հրապարակում են լուսանկարներ, որտեղ երևում են ծխի ամպեր Ղրիմի կամրջի տարածքում, որը կապում է թերակղզին Ռուսաստանի տարածքի հետ, գրում է BBC-ն։
Այս տեղեկությունը Տելեգրամի իր ալիքում մեկնաբանել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Ղրիմի կամրջի տարածքում ծխի մասին, որի մասին գրում են լրատվամիջոցները և Տելեգրամ ալիքները։ Իրավապահ մարմինները վարժանքներ են անցկացնում ռազմավարական այս օբյեկտի տարածքում։ Այնպես է պատահել, որ դա համընկել է կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահարի հետ», գրել է նա։ Ակսյոնովը վստահեցրել է, որ «վտանգ չկա ոչ կամրջի, ոչ մարդկանց, ոչ Ղրիմի համար»։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Նովոռոսիյսկ տանող կամրջով որոշ ժամանակով երթեւեկությունը փակվել է։
Ավելի վաղ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ Ղրիմի կամուրջը, որը, ի թիվս այլ բաների, օգտագործվում է թերակղզի ռուսական զինտեխնիկա հասցնելու համար, կարող է օրինական թիրախ լինել Ուկրաինայի Զինված ուժերի համար։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ կամուրջն ուկրաինական բանակի համար առաջնահերթություն չէ, քանի որ այն շատ լավ պաշտպանված է: