«Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին»․ գերիների ծնողները՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց են

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց  զավակներին:

 

Ինչպես նշում է News.am-ը, գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչի՞ համար տարան մեր երեխեքին, ում համար տարան, ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող ռուսն էլ բերի:

 

Երեկվա հանդիպումը ՌԴ պյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել, մեզ արդեն 1,5 տարի օրական մի բան խաբելով ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ: Քաղաքական առեւտուր են անում: Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ էստեղ անի, թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք: Ի՞նչ բարեկամ:

 

Մենք էստեղից չենք գնա, մինչեւ հարցին լուծում չտան: Մեր երեխեքի գլխին սարքեցին, տարան տվին, երբ ռուսը կանգնած է եղել: Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին: Ոնց կազմակերպել տարել են, նույն ձեւ էլ թող բերեն հասցնեն մեր երեխեքին մեզ: Ամեն անգամ երեխուն կանֆետ տլու պես ասում են՝ սպասեք, էս պատոկին կգա, արդեն 5 ամիս ոչ մի պատոկ չի եկել»:

 

Նա նաեւ հավելել է, որ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով 4 րոպե խոսում են ու վերջ. «Ասում են՝ լավ ենք, առողջականը լավ է ու վերջ: Թուրքը կողքը կանգնած, ի՞նչ պետք է խոսենք»:

 

Մեկ այլ ծնող էլ նշել է. «Մեզ ոչ մի պատասխան չեն տվել կառավարությունից: Եթե մեր երեխեքին ռուս խաղաղապահների մոտից են տարել, բնական է, մենք այստեղ պետք է գանք: Եթե Ֆրանսիան գարանտ կանգնած լիներ, կգնայինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Իշխանություններին էլ ենք դիմել, բայց կոնկրետ պատասխան չեն տվել: Անտեղի մարդկանց տանեն պահեն, մարդկային կյանքը քաղաքական առեւտրի առարկա դարձնե՞ն»: