Պայթյունի հետևանքով տուժած 5 քաղաքացիների անունները հայտնի են․ Shamshyan

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է հունիսի 24-ին Երևանում՝ ժողովրդին հայտնի «No problem» ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանով հիվանդանոցներ տեղափոխված 5 վիրավորների ինքնությունը։  

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Սևակ Իսրայելյանը, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Խաչատուր Ալեքյանը, Արարատի մարզի բնակիչ՝ 48-ամյա Մովսես Քամարյանը, Երևանի բնակիչ՝ 65-ամյա Արա Խաչատրյանը և Կոտայքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Դավիթ Հովհաննիսյանը։ 

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։ Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ  Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Օպերատիվ էին գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որտեղից 5 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով, տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։