Սյունիքի մարզպետը` Կապանի հանքում կապից դուրս մնացած աշխատակիցների մասին

Կապանի հանքի աշխատակիցները դադարեցրել են հացադուլը և  ողջ–առողջ դուրս են եկել հանքից: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, թե ինչպես են հանքի աշխատակիցներն ու ղեկավարները 24-ժամյա միջնորդական ջանքերից հետո համաձայնության եկել։  

 Ղուկասյանը նաև հայտնեց, որ հանքարդյունաբերական ընկերության մյուս աշխատակիցները, որոնք նախօրեին փակել էին Կապան-Երևան մայրուղին` հանքի ղեկավարությանը աշխատավարձի ու բժշկական ապահովագրության հետ կապված պահանջներ ներկայացնելով, ևս դադարեցրել են բողոքի ակցիաները։ 

Հանքի աշխատողներն ու տնօրինությունը Սյունիքի մարզպետի միջնորդության բանակցել են խնդրահարույց հարցերի շուրջ։  

«Այնտեղ դոլարի կուրսի հետ կապված խնդիր կար, որ թույլ չէր տալիս որևէ կերպ աշխատավարձերի բարձրացում։ Բայց կողմերը միմյանց շատ լավ հասկացան, և երկու կողմն էլ ուրախ գնացին աշխատանքները շարունակելու»,– ասաց Ղուկասյանը։ 

 

Հիշեցնենք, որ երեկ լեռնահարստացման կոմբինատի 4 աշխատակից հանք էր մտել, հայտարարել հացադուլ` պահանջելով աշխատավարձերը բարձրացնել, ինչպես նաև ապահովել բժշկական ապահովագրություն։ Որոշ ժամանակ անց նրանց հետ կապը կորել էր։ Հանքի աշխատակիցներն էլ դուրս էին եկել բողոքի ակցիայի, քանի որ անհանգստացած էին գործընկերներ կյանքի համար:
 

Քաղաքականություն