Քաղաքականություն

Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

«Այս միջավայրը մեզ համար նորություն չէ։ Գրեթե յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում մի քանի անգամ ականատես ենք լինում նման իրավիճակի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սուսաննա Մելիքյանը՝ անդրադառնալով այսօր ավագանու հերթական նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքին։


Նրա խոսքով՝ քաղաքապետարանում հավաքված են մարդիկ, որոնք, ըստ իրեն, ցածր քաղաքական մշակույթի կրողներ են։


«Նրանք քաղաքականությունը որպես արվեստ կամ բարձր արժեք չեն ընկալում և իրենց ելույթները հաճախ կառուցում են կենցաղային խոսակցությունների ու ասեկոսեների մակարդակում։ Երբ մեզ պիտակավորումներ են տալիս, մենք հաճախ չենք կարողանում լիարժեք պատասխանել, քանի որ մեր խոսափողները անջատված են լինում, և ստիպված ենք լինում տեղից կարճ արձագանքել։


Այս իշխանությունը չունի ժողովրդի աջակցությունը, վերջին ընտրությունները ապացուցեցին, որ չեն վայելում քաղաքացիների վստահությունը։ Երևանում արդեն երկրորդ անգամ ընդդիմությունը հաղթում է, իսկ իշխանությունը՝ պարտվում։ Քանի որ չունեն փաստարկներ և չեն կարողանում հակադարձել քաղաքական հարթության վրա, դիմում են պիտակավորումների, կեղծ նարատիվների և սադրանքների»։


Մելիքյանի գնահատմամբ՝ ծեծկռտուքի սադրանքը եղել է ՔՊ-ականների կողմից։


«Սովորաբար իրենք իրենց քաղաքական ելույթները թողնում են վերջում, որպեսզի պատասխանելու հնարավորություն չլինի, բայց այս անգամ ամեն ինչ նախապես ծրագրված էր։ Քաղաքապետարանի և ավագանու աշխատանքը որպես իշխող ուժ ձախողելուց հետո նրանք պարզապես արդյունքներ չէին կարող ներկայացնել, ուստի անցան քաղաքական հարձակումների։


Մենք գիտեինք, որ լինելու են քաղաքական ելույթներ, սակայն դրանք նույնիսկ քաղաքական չէին, այլ ավելի շատ կենցաղային մակարդակի խոսակցություններ ու մեղադրանքներ։ Պրովոկացիան սկսեցին հենց իրենք։ Ելույթի ընթացքում ես ընդամենը հիշեցրի, որ իրենք կոմսոմոլական մտածողության շարունակողներն են։ Մեր կողմից որևէ վիրավորանք, սպառնալիք կամ ագրեսիվ վարքագիծ չի եղել։ Ակնհայտ է, որ իրենք նպատակ ունեին սադրանքի միջոցով շեղել ուշադրությունը քաղաքական հարցերից, ընտրությունների արդյունքներից և իրենց գործունեության գնահատականից»։


Սուսաննա Մելիքյանը նաև հայտարարել է, որ ՔՊ-ն վարում է թրքամետ քաղաքականություն և, իր խոսքով, վարքագծով ևս թրքաբարո է։


«30, 40 հոգով թուրքն է, որ հարձակվում է մեկ, երկու մարդու վրա։ Երբ գիտի, որ մենակ հաղթել չի կարող, հարձակվում է ոհմակով։ Իհարկե, նրանք ստացան արժանի հակահարված, և մենք չենք պատրաստվում նահանջել, քանի որ ժողովուրդը մեզ վստահել է, ձայն է տվել, և մենք քաղաքային կառավարման մաս ենք կազմում՝ շնորհիվ այդ վստահության»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250