Սուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը
Հունիսի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի դիվանագիտական ներկայացուցիչների, Կանզասի Ազգային գվարդիայի ու Եվրոպայում ցամաքային գործողությունների շտաբի ղեկավար կազմի, բարձրաստիճան զինվորականների և օտարերկրյա ռազմական կցորդների հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությանը:
«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվող զորավարժության ընթացքը դիտարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Կանզասի Ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբին, Եվրոպայում ցամաքային գործողությունների շտաբի պետ, գնդապետ Փոլ Կուրտիուն, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ ու ներկայացուցիչներ։ Այս վարժանքներն իրականացվում են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում:
Զորավարժությանը մասնակցում են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Կանզասի ազգային գվարդիայի, ինչպես նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի զինծառայողները:
Հրավիրված հյուրերը հետևել են զորավարժության գործնական փուլին, ծանոթացել կատարվող վարժանքներին և միջազգային խաղաղապահ առաքելությունների նախապատրաստման շրջանակում ներգրավված ստորաբաժանումների գործողություններին։
Դրանից հետո զորավարժության ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և հյուրերին է ներկայացրել իրականացված աշխատանքները, ուսումնական նպատակներն ու արձանագրված արդյունքները։
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել միջազգային խաղաղապահ առաքելությունների ժամանակ պահանջվող մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ստորաբաժանումների փոխգործունակության մեծացմանը, ինչպես նաև տարբեր իրավիճակներում արագ ու արդյունավետ արձագանքելու կարողությունների զարգացմանը։