Սարյան փողոցում գտնվող կիսակառույց շինության մեջ հայտնաբերվել է Ֆ-1 տիպի նռնակ՝ իր պայթուցիչով
Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1- տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։ Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։ Նռնակը անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, և տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։