Զգուշացվել էր, որ սրճարանը ենթակա է ապամոնտաժման, բայց վերանորոգում էր. մանրամասներ
Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի ետնամասում գտնվող սրճարանն այսօր ապամոնտաժվեց։ Մոտ մեկ շաբաթ առաջ ավագանու նիստի ժամանակ ավագանու հողօգագործման և քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն, այս մասին խոսելով, դիմել էր քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնին, որն իր դիտարկմամբ անտեսել է ապօրինի շինությունը և ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ։ Հայտարարել էր, որ մինչև վերջ լինելու է հետևողական և պահանջելու է, որ նրանք, ովքեր պետական լծակներն օգտագործելով աջակցել են սրճարանի կառուցմանը, ենթարկվելու են համապատասխան պատասխանատվության։ Գրում է «Հրապարակը»:
Մեր նկարահանման պահին Քաղաքապետարանից ոչ ոք չկար սրճարանի տարածքում, այնտեղ չէր նաև սրճարանի տերը։ Արդեն իսկ ապամոնտաժված սրճարանի տնօրենը գտնվում էր Քաղաքապետարանում։ Ապամոնտաժված շինության մոտ գտնվող շինարարներից մեկից տեղեկացանք, որ սրճարանը մեկ այլ մարդ էր վերցրել վարձակալությամբ՝ աշխատեցնելու։
«Չնայած նրան, որ զգուշացվել էր, որ սրճարանը ենթակա է ապամոնտաժման, այնուամենայնիվ, մենք կատարում էինք վերանորոգման աշխատանքներ։ Մոտ 15 օր շինարարական աշխատանքներ կատարելուց հետո, երբ այն ավարտին հասցրինք, եկան ու այսօր մոնտաժեցին»,- մեզ հետ զրույցում ասաց շինարարներից մեկը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Սրճարանի սեփականատերը մի քանի անգամ ստացել է նախազգուշացում, որպեսզի ինքուրույն` իր միջոցներով ապամոնտաժի ապօրինի կառույցը։ Սակայն այդ նախազգուշացումներին ուշադրություն չի դարձրել, անտեսել է, ինչի հետևանքով էլ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից այսօր ապամոնտաժվել է սրճարանը։ Ի դեպ ապամոնտաժումից հետո բոլոր հետևանքները, այդ թվում նաև մաքրման աշխատանքները պետք է իրականացնի սրճարանի սեփականատերը»։