Վարորդը BMW-ով մխրճվել է գազի լիցքավորման սարքի մեջ և կոտրել այն

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Գագիկ Մուրադյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղադրված գազի լիցքավորման սարքի մեջ, կոտրելով այն: 

 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 

Ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել: 

 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գազալցակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: