
Կարելի էր «վնգստացող դատավոր» արտահայտությունը չանել, բայց չի նշանակում, որ այդպիսի դատավորներ չկան. պատգամավոր

Սև և սպիտակը հաջող արտահայտություն չէ, բայց 2018-ի հեղափոխությունից առաջ արդեն հասարակությունը բաժանվել էր արտոնյալների եւ իրավազուրկների: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանությունն էր, որ խոսեց սեւ ու սպիտակից, վարչապետն էր, որ դատավորներին բաժանեց վնգստացողների եւ չվնգստացողների:
«Ես կարծում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները կարելի էր չանել, բայց չեմ կարծում, որ դա է հիմնական պատճառը: Սեւ եւ սպիտակը հաջող արտահայտություն չէ, բայց 2018-ի հեղափոխությունից առաջ արդեն հասարակությունը բաժանվել էր արտոնյալների եւ իրավազուրկների: Դուք գիտեիք Սյունիքում ով է ամեն ինչ որոշում, Արշալույսում ով է ամեն ինչ որոշում, Մալթիայում ով է ամեն ինչ որոշում: Ամեն ինչ բաժանված էր: Կամ ասենք, ում թիկնազորի պետը կարող էր ամեն ինչ որոշել: Եթե հասարակությունը բաժանված չլիներ, հեղափոխություն չէր լինի: Ըստ երեւույթին այդ բաժանումը ոչ ճիշտ ձեւակերպումով ներկայացվել սեւ եւ սպիտակ:
Հասարակությունը մինչեւ հեղափոխությունը բաժանված էր եւ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ բաժանարար գծերը վերանան, բայց բաժանողները նորից ուզում են բաժանել:
Ինչ վերաբերում է վնգստացող դատավոր արտահայտությանը, երեւի ինձնից լավ եք տեսնում, թե դատավորներն իրենց ինչպես են պահում: Մենք բազմաթիվ դատավորներ ունենք, որոնք իմ կարծիքով պետք է դատավոր չլինեն, որովհետեւ էդ մարդիկ սովոր չեն արդարադատություն իրականացնել, սովոր են պատվեր կատարել: Այսօր դատավորների մի զգալի մասը մնում է կամակատար նրանց ում շնորհիվ դարձել է դատավոր: Եթե այդ երեւույթը կա, այո, մարդը կարող է չասել «վնգստացող դատավոր», բայց չասելը չի նշանակում, որ այդպիսի դատավորներ չկան»,- հայտարարեց պատգամավորը: