Մանկապարտեզի հարևանությամբ տիրում է գարշահոտություն, հակահիգիենիկ վիճակ

Տևական ժամանակ է, Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի բնակիչներն ու այնտեղ գործող մանկապարտեզի աշխատակիցները, սաների ծնողները չգիտեն, թե էլ որ պատկան մարմնին դիմեն, որպեսզի այդ հատվածում վերացվի հակասանիտարական վիճակը։  

 

Այսօր՝ հունիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են. «Մի տարեց կնոջ պատճառով Մեր փողոցը  դարձել է Նուբարաշենի մինի աղբանոց։ Ինչ աղբ ուզենաս կգտնես։ Ամբողջ տարածքում տիրում է գարշահոտություն, հակահիգիենիկ վիճակ, լրիվ փնթիանոց։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք ոստիկանության Էրեբունու բաժին, դիմել ենք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց, չգիտես ինչու, համարում են, որ իրենք անզոր են։ Իսկ մենք շատ բան չենք պահանջում. ուզում ենք մաքուր ու կոկիկ փողոց ունենալ՝ ոչ թե խոզանոց։ Մի քանի անգամ հարևաններով  փորձել ենք տարածքը մաքրել, բայց այդ տարիքով կինը, ով նաև հոգեբանական խնդիրներ ունի, չի թողնում։ Հիմա չգիտենք՝ անպայման պե՞տք է փողոցում վխտան առնետները, կարիճներն ու օձերը, որ մի էրեխու վնասեն, նոր պատկան մարմինները որոշեն, որ պետք է հարցը լուծեն, դիմե՞ն կտրուկ միջոցների»։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խնդրին ծանոթ է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Բալայանը, ով հանձնարարարել է, որ տարածքը կարգի բերվի, աղբը հեռացվի, սակայն այն կուտակած քաղաքացին խոչընդոտում է թաղապետարանի աշխատակիցների աշխատանքը։  

Քաղաքականություն