Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
ՌԴ նախագահի ուղերձում նշված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովային, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների: Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:
Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ Ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա: Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով: Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին: Ի սրտե ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»: |