Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է երկուշաբթի օրվա ծրագրերը

«Սա նոր ղարաբաղյան շարժում է․ այսօր Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքը, այստեղի այս բազմամարդ հավաքը, Սփյուռքում տեղի ունեցող հավաքները դրա վառ ապացույցն են»,- անդրադառնալով համաժողովրդական պայքարին՝ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։ 

Ընդդիմադիր գործիչը ներկայացրեց պայքարի առաջիկա գործողությունները։ Առանցքում, ինչպես արդեն ասվել է, խորհրդարանական ընդդիմության հրապարակած հայտարարությունն է, որում ամփոփված են այն հիմնադրույթներն ու նախապայմանները, որոնք իրականացվելու դեպքում միայն հնարավոր են Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ 

Հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում հենց այդ հայտարարության ստորագրման հարցն է։ 

Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց՝ բոլորի դիրքորոշումը պետք է պարզեն, երկրի բոլոր պետական հաստատությունները, հասարակական կազմակերպություննները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն հայտարարության վերաբերյալ։ 

Այդ նպատակով երկուշաբթիից ուրբաթ պետք է աշխատանքներ տարվեն։ 

«Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք։ Գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն։ Վիճակն օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին։ 

Երկուշաբթի օրվանից, ժամը 11-ին բոլորիդ հրավրում ենք հրապարակ, մի քանի ուղղությունով, մի քանի հասցեներով գնում ենք։ 

Հերթով բոլորը, ՔՊ խմբակցության պատգամավորները, որոնցից շատերը գերի են ընկել խելագարի ձեռքը, վերջացրած կառավարության անդամներով ու մնացածով, պետք է պատասխան տան։ Մենք պետք է հասկանանք՝ ով ով է։ Ով է ժողովրդին դեմ, ով է ժողովրդին կողմ։ 

5 օր ժամանակ ունենք՝ ամբողջական պատկերն ստանալու։ Նորից եմ ասում՝ հունիսի 3-ը ջրբաժան է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ 

Նա հավելեց՝ 5 վճռական օրերից հետո, հունիսի 3-ին լինելու են խորհրդարանում, հետագա գործողություններն այդ օրը կորոշվեն։ 

«Տեր ենք մեր հայրենիքին, տեր ենք Արցախին»,- շեշտեց Սաղաթելյանը։

Քաղաքականություն