Պարեկների կողմից գողոնով բարձված Ford-ը վնասազերծելու դեպքով 8 հոգի ձերբակալվել է. գողոնը գնահատվել է 49 մլն դրամ

 Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ն. Պավլովի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել է 8  քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված անձինք կասկածվում են մայիսի 24-ին Բագրևանդի  թաղամասում  գտնվող «Տելեկոմ Արմենիա»  ՓԲԸ-ի տարածքից մի քանի միլիոն դրամ արժողությամբ պղնձե մալուխներ գողանալու մեջ: 

 

 Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 28-ամյա Մհեր Հ.-ին, Երևանի բնակիչ, 37-ամյա Գուրգեն Բ.-ին, Լոռու մարզի բնակիչր, 37-ամյա Սերիկ Հ.-ին, Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Ռոլանդ Խ.-ին: Բագրևանդի թաղամասում գտնվող «Ադորր»  սգո սրահի մոտից փախուստի դիմելիս բռնվել և բերման է ենթարկվել Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Մանվել Ս.-ն և Տավուշի մարզի բնակիչ, 32-սմյա Էմին Ս.-ն: 

 

Բերման են ենթարկվել նաև Արագածոտնի մարզի բնակիչներ, 28-ամյա Արմեն Գ.-ն և 29-ամյա Հովսեփ Հ.-ն: Ոստիկանները պարզել են նաև, որ փախուստի դիմած անձանցից մեկը Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Ռոման Ջ.-ն է: Նշված  անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝  փախուստի դիմած Ռոման Ջ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն կասկածներ,  որ նշված խմբում այլ անձինք նույնպես ներգարվված են և ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի նշված տարածքից գողացվել է մոտ 49 մլն դրամի պղնձե մալուխներ: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:   

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին դետեկտիվ ժանրի դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող  տարածքից գողություն է կատարվելու։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանները հասել էին այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։ Պարեկը նախազգուշական կրակոցներ էր արձակել օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ էր արձակել Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցրել էր ավտոմեքենայի կառավարումը և բախվել բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվել «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։   Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմել էին փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվել էր նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել:

Քաղաքականություն