Մայիսի 7-ից անժամկետ դադարեցվել էին Դեբեդ գետում ռաֆտելը վտանգավորության բարձր աստիճանի պատճառով

Դեբեդ գետում ռաֆտինգային ծառայություն տրամադրող Rafting in Armenia-ն ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան տեղեկացրել էր մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում: 

 

«Հորդառատ անձրևների պատճառով՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով չենք կարող ռաֆտել, քանի որ վտանգավորության աստիճանը բարձր է ,և անթույլատրելի է սկսնակների համար...»,- գրված էր հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Դեբեդ գետում նկարահանման ժամանակ լաստանավի շրջվելու հետևանքով ջրում է հայտնվել և մահացել «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը: Հաղորդավարուհուն անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ արձանագրել էին նրա մահը:

 

Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե կատարվածը պատահականությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք կարող էր լինել, որովհետև քաղաքացին նավակում մենակ չի եղել, Լոռու մարզային փրկարարական վարչությունից պատասխանել էին, որ դեռ չեն կարող պատասխանել այդ հարցին, ամեն ինչ պարզ կդառնա հետաքննության արդյունքում:

 

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: