ԱՄՆ-ը խնդրում է Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել
                                        
                                        
                                        
                                    ԱՄՆ-ը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
 
ՄԱԿ-ի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Միացյալ Նահանգները խնդրում է համաշխարհային կազմակերպությանը մայիսի 11-ի կեսօրին հանդիպում անցկացնել։
 
Մայիսի 7-ին Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել։ Ենթադրաբար այն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ ծով։ Հարավային Կորեայի զինվորականները գնահատել են, որ հրթիռը թռել է մոտ 470 կմ՝ հասնելով մոտ 780 կմ առավելագույն բարձրության։
 
Մինչ այս, Հյուսիսային Կորեան մայիսի 4-ին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Այնուհետ Ճապոնիայի իշխանությունները հայտնել են իրենց բողոքը Հյուսիսային Կորեայի կառավարությանը։
 
ԿԺԴՀ-ից հրթիռների արձակման հաճախականության պատճառով Ճապոնիան առաջարկել է վերսկսել բնակչության տարհանման զորավարժությունները։ Վերջին անգամ երկրում բնակչության տարհանման քաղաքացիական պաշտպանության զորավարժություններ են անցկացվել 2017թ.-ին:
                        





























