
33-ամյա տղամարդուն դանակահարել են․ նրան հիվանդանոց տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել

Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հովսեփյանի և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Աղախանյանի գլխավորությամբ։
Բժիշնկերը ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ն-ն է։
Մայիսի 3-ին, ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի խճուղու 3 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արման Ն-ի և Լոռու մարզի բնակիչ՝ 20-ամյա Էդմոն Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արման Ն-ին։
Կայքի տեղեկություններով, երբ Արման Ն-ն վիրավորվել է, նրան քաղաքացիական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելիս են եղել, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ավտովթար։